Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
կյանքի դժվարին իրավիճակ՝ հաշմանդամության, տարիքի հետ կապված ինքնասպասարկման ունակությունների կորստի, հիվանդության, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, երկարատև գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերից վերադառնալու հետևանքով մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող.
սոցիալական աջակցություն` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, կյանքի դժվարությունները հաղթահարելու կամ մեղմելու, նրանց հիմնական պահանջմունքները բավարարելու, հասարակության մեջ ինտեգրվելու, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու նպատակով ընտանիքին տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջություն.
հիմնական պահանջմունքներ՝ ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բուժօգնություն, հիմնական ընդհանուր կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.
հաճախորդ՝ սույն օրենքի համաձայն՝ սոցիալական աջակցություն ստացող անձ.
ծեր` ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած անձ.
անօթևան` մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անձ.
բռնություն՝ անձի ֆիզիկական և (կամ) հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված արարք կամ դրա սպառնալիք.
սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` պետական մարմին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում, որն իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում է սույն օրենքով նախատեսված սոցիալական աջակցություն.
սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություն՝ սույն օրենքով սահմանված սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն` անկախ կազմակերպական-իրավական ձևից:
(2-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-18-Ն)