Հոդված 55. Հարցի քննարկման ընթացակարգը
Հոդված 55. Հարցի քննարկման ընթացակարգը
1. Բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետով, 39-րդ հոդվածի 1-ին կետով, 41-րդ հոդվածի 4-րդ և 42-րդ հոդվածի 2-րդ կետերով նախատեսված դեպքերի, մինչև օրակարգի հաստատվելն Ազգային ժողովում այլ հարցեր չեն քննարկվում:
2. Սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի (բացառությամբ «է» և «թ» ենթակետերի) և 37-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի հարցերն Ազգային ժողովում քննարկվում են արտահերթ: Եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկված մնացած հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է Ազգային ժողովի նախագահը, իսկ արտահերթ նստաշրջանինը՝ դրա նախաձեռնողը կամ նախաձեռնողների ներկայացուցիչը:
3. Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ Կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:
4. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովում օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների, Ազգային ժողովի որոշումների նախագծերի և օրենքներով նախատեսված այլ հարցերի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ՝
ա) հիմնական զեկուցողի ելույթը.
բ) հարցեր հիմնական զեկուցողին.
գ) հարակից զեկուցողի ելույթը.
դ) հարցեր հարակից զեկուցողին.
ե) մտքերի փոխանակություն.
զ) հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը.
է) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.
ը) քվեարկություն:
5. Որպես հիմնական զեկուցող ելույթ է ունենում տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող՝ գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը:
6. Եթե օրենքի նախագծի հեղինակը (հիմնական զեկուցողը) պատգամավոր է, ապա վարչապետի լիազորած անձը կարող է գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ, իսկ նրա եզրափակիչ ելույթից առաջ՝ եզրափակիչ ելույթով:
7. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:
8. Պատգամավորն իրավունք ունի սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ հանդես գալ վարման կարգի վերաբերյալ ելույթով։ Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունը։
9. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են՝
ա) զեկուցման համար՝ մինչև 20 րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.
բ) հարցերի համար՝ մինչև երեքական րոպե.
գ) ելույթների համար՝ մինչև 7-ական րոպե, որը կարող է ավելացվել երեք րոպեով.
դ) խմբակցությունների, պատգամավորական խմբերի ներկայացուցիչների և եզրափակիչ ելույթների համար՝ մինչև 10-ական րոպե.
ե) վարման կարգի վերաբերյալ ելույթների համար՝ մեկական րոպե։
10. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
11. Հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրափակիչ ելույթում արված առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ կարող է հայտարարվել մինչև մեկ ժամ ընդմիջում:
12. Ազգային ժողովի քվեարկությամբ չընդունված հարցը հանվում է եռօրյա նիստերի՝ միաժամանակ հերթական նստաշրջանի, արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգերից, եթե սույն օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ: