Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը
Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը
1. Սահմանադրության 69-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին և փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչև հունիսի երկրորդ չորեքշաբթին: Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերը սկսվում են նստաշրջանի բացման օրը:
2. Հերթական նստաշրջաններն անցկացվում են երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում ժամը 12-ից մինչև 18-ը՝ մեկուկես ժամ տևողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:
3. Չորսօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրը՝ ժամը 17-ից, պատգամավորները, ըստ հերթագրման հաջորդականության, կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով։ Անհրաժեշտության դեպքում նիստը վարողը կարող է նիստը երկարաձգել մինչև 30 րոպեով: Նիստի տեսագրությունը հաջորդ օրը՝ ժամը 21.30-ին, ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ:
4. Հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և Կառավարության անդամները, սույն օրենքի 105-րդ հոդվածով սահմանված կարգով, պատասխանում են պատգամավորների հարցերին: Նիստի տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրվում է Հանրային հեռուստաընկերությամբ նույն օրը` պատգամավորների հայտարարությունների հեռարձակումից անմիջապես հետո:
4.1. Եթե չորսօրյա նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը և քվեարկությունները չորսօրյա նիստերի համար սահմանված ժամկետից ավելի շուտ են ավարտվում, ապա չորսօրյա նիստերն ավարտվում են օրակարգի վերջին հարցի քվեարկության ավարտից հետո: Անկախ չորսօրյա նիստերի ավարտման ժամանակից, սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված նիստը կայանում է:
5. Օրենքով ոչ աշխատանքային հայտարարված օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Այդ օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:
(35-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-69-Ն)
(ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին հակասող և անվավեր ճանաչել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի վերջին նախադասություններում, 112 հոդվածի 2-րդ կետով, 4-րդ կետի վերջին նախադասությամբ և 5-րդ կետով նախատեսված դրույթները 16.02.07 ՍԴՈ-678 որոշմամբ:)