Հոդված 50. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին բողոք ներկայացնելու կարգը
Հոդված 50. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին բողոք ներկայացնելու կարգը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-259-Ն)
1. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին բողոքը ներկայացվում է գրավոր, ստորագրված, դրանում ներառելով`
1) բողոքը ներկայացրած անձի անվանումը (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը) և հասցեն.
2) պատվիրատուի անվանումը և հասցեն.
3) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.
4) վեճի առարկան և բողոքը ներկայացրած անձի պահանջը.
5) բողոքի փաստացի և իրավական հիմքերը, ապացույցները.
6) բողոքարկման վճարը կատարած լինելը հիմնավորող փաստաթղթի պատճենը: Ընդ որում, բողոքարկման վճարի չափը կազմում է 30 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բողոքը բավարարվելու դեպքում սույն մասով նախատեսված վճարը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է վերադարձման բողոքը ներկայացրած անձին.
7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
2. Եթե բողոքը ներկայացրած անձը բողոքարկում է`
1) պայմանագիր կնքելու որոշումը, ապա բողոքը ներկայացվում է սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված անգործության ժամանակահատվածում.
2) գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները, ապա բողոքը ներկայացվում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը:
3. Եթե բողոքը չի բավարարում սույն հոդվածի պահանջները, ապա բողոքն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումների հետ կապված բողոքներ քննող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է բողոքը ներկայացրած անձին` նրան տալով արձանագրված թերությունները վերացնելու երկու աշխատանքային օր ժամկետ: Ընդ որում, եթե սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված բողոքը չի բավարարել սույն հոդվածի պահանջները, ապա սույն մասով սահմանված ժամկետում շտկված և գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացված բողոքը համարվում է սահմանված ժամկետում ներկայացված:
4. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան՝ բողոք ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումների հետ կապված բողոքներ քննող անձը դիմում է պատվիրատուին` տվյալ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացնելու պահանջով: Սույն կետում նշված փաստաթղթերը պատվիրատուն գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացնում է նման պահանջ ստանալու օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում:
5. Բողոքի վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ընթացակարգով, որի համաձայն բողոքը ներկայացրած անձը, պատվիրատուն և ներգրավված բոլոր կողմերն իրավունք ունենան ներկա լինելու բողոքի քննության նպատակով հրավիրված նիստերին և ներկայացնելու իրենց տեսակետները:
6. Բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է նաև որոշման հիմնավորումը, ընդունվում և հրապարակվում է բողոքն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 օրացուցային օրվա ընթացքում: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պատճառաբանված որոշմամբ սույն կետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև 10 օրացուցային օրով: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն իրավապարտադիր է, որը կարող է փոփոխվել կամ վերացվել, այդ թվում՝ մասնակի, միայն դատարանի կողմից:
7. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը`
1) իրավունք ունի պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների կամ անգործության վերաբերյալ ընդունելու հետևյալ որոշումները.
ա. արգելելու կատարել որոշակի գործողություններ և ընդունել որոշումներ,
բ. պարտավորեցնելու ընդունել համապատասխան որոշումներ, ներառյալ՝ չկայացած հայտարարելու գնման ընթացակարգը, բացառությամբ պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին որոշման,
գ. (ենթակետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-259-Ն)
2) որոշում է կայացնում մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին.
3) հաշվառում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից ընդունված որոշումները և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն:
8. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին պատճառված և սահմանված կարգով հիմնավորված վնասի հատուցման համար:
9. Բողոքի քննությունը բաց է հանրության համար, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների: Բողոքն ստանալու օրվանից հաշված՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գնումների հետ կապված բողոքներ քննող անձը հայտարարություն է հրապարակում տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը:
10. Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցելու բողոքարկման ընթացակարգին` մինչև բողոքի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը գնումների հետ կապված բողոքներ քննող անձին ներկայացնելով համանման բողոք: Սույն հոդվածի համաձայն՝ բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձին համանման բողոք ներկայացնելու իրավունքից:
11. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշում կայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում որոշումը հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում կայացված որոշումը սույն մասով սահմանված ժամկետում ուղարկվում է պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին: Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի որոշումն ուժի մեջ է մտնում այն տեղեկագրում հրապարակելուն, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` որոշումը պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին ուղարկելուն հաջորդող օրը:
(50-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 23.03.18 ՀՕ-259-Ն)
(հոդվածը 21.01.22 ՀՕ-4-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)