Հոդված 35. Պայմանագրի ապահովումը
Հոդված 35. Պայմանագրի ապահովումը
1. Պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի ապահովում: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի ապահովում:
2. Պայմանագրի ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի 10 տոկոսը: Պայմանագրի ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:
3. Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը նախապես պատվիրատուին է ներկայացնում կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:
4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(հոդվածը 21.01.22 ՀՕ-4-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)
(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)