Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-03-12-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 6. Գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

1. Բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`

1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնց վերաբերյալ հայտը ներկայացվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում առկա է օրենքով սահմանված կարգով կայացված անբողոքարկելի վարչական ակտ` գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.

5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

6) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե`

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել է պայմանագիր կնքելուց,

գ. հայտերը բացելուց հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, հրապարակում է լիազորված մարմինը: Գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից զրկված մասնակցի վերաբերյալ ունեցած տեղեկությունների հիման վրա լիազորված մարմինը ընթացակարգ է նախաձեռնում գնումների հետ կապված բողոքներ քննող անձի [հետ]` առանց վճարի: Տվյալ մասնակցի կարծիքը լսելուց հետո գնումների հետ կապված բողոքներ քննող անձը սույն օրենքի 50-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում մասնակցին սույն հոդվածով նախատեսված ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Անձը նշված ցուցակում ընդգրկվում է երկու տարի ժամկետով:

3. Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`

1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.

2) մասնագիտական փորձառություն.

3) տեխնիկական միջոցներ.

4) ֆինանսական միջոցներ.

5) աշխատանքային ռեսուրսներ:

4. Չեն կարող սահմանվել մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`

1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են և սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում կամ պարզեցնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին.

3) համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

5. Հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր տվյալների համապատասխանության ապահովման շրջանակում մասնակիցը, անհրաժեշտության դեպքում կարող է հիմնվել այլ անձանց ֆինանսական և տեխնիկական միջոցների վրա՝ համապատասխան պայմանագրով սահմանված իրավահարաբերության հիման վրա:

6. Հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-259-Ն)

(հոդվածը 21.01.22 ՀՕ-4-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։