Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը
Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը
1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում:
2. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրում է Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:
3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով, որտեղ նշվում են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի և նրան ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:
5. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է թեկնածուին առաջադրող մարմնին՝ նշելով պատճառների մասին:
6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, Կանոնակարգի 136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
7. Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու: