Հոդված 43. Ուսումնասիրության սահմանափակումը նմուշային խմբի ընտրությամբ
Հոդված 43. Ուսումնասիրության սահմանափակումը նմուշային խմբի ընտրությամբ
1. Եթե բողոքարկողների, արտահանողների կամ ներմուծողների, ապրանքների տեսակների կամ գործարքների թիվը մեծ է, ապա լիազոր մարմինը կարող է ուսումնասիրության նպատակներով՝
1) սահմանափակել քննության ենթակա շահագրգիռ կողմերի, ուսումնասիրվող ապրանքների կամ գործարքների թիվը՝ օգտագործելով նմուշային խմբեր, որոնց կազմի ընտրությունը վիճակագրորեն հիմնավորված է` հաշվի առնելով ընտրության ժամանակ լիազոր մարմնի տրամադրության տակ եղած տեղեկությունները.
2) սահմանափակել քննության ենթակա երկրում արտադրության, վաճառքի կամ այդ երկրից կատարվող արտահանման ծավալն այն առավելագույն տոկոսաչափով, որի համար պատշաճ ուսումնասիրությունը գործնականորեն իրագործելի է:
2. Սույն հոդվածի համաձայն՝ կողմերի, ապրանքի կամ գործարքների ընտրության իրավունքը պատկանում է լիազոր մարմնին, թեև նախապատվությունը պետք է տրվի շահագրգիռ կողմերի հետ քննարկումների միջոցով նմուշի ընտրությանը, եթե շահագրգիռ կողմերն իրենց հայտնի են դարձնում և տրամադրում են ընտրության համար անհրաժեշտ բավարար տեղեկատվություն՝ ուսումնասիրությունն սկսելու օրվանից հետո՝ երեք շաբաթվա ընթացքում:
3. Սույն հոդվածի համաձայն՝ քննությունը սահմանափակելու դեպքում, այնուամենայնիվ, առանձին գնագցման չափ և (կամ) առանձին փոխհատուցելի լրավճարի չափ է սահմանվում այն արտահանողների կամ արտադրողների համար, ովքեր կամավոր ներկայացնում են անհրաժեշտ տեղեկություններ՝ ուսումնասիրությունների ընթացքում դրանք հաշվի առնելու համար հարմար ժամկետում: Անկախ վերոհիշյալ դրույթից, եթե արտահանողների կամ արտադրողների թիվն այնքան մեծ է, որ առանձին քննությունների անցկացումը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում և կարող է խոչընդոտել ուսումնասիրությունների ժամանակին իրականացումը, ապա լիազոր մարմինը կարող է քննությունը սահմանափակել նմուշային խմբում ընդգրկված արտահանողներով և արտադրողներով:
4. Եթե որոշված է նմուշառում կատարել, և ընտրված մի շարք կամ բոլոր կողմերը համագործակցություն չեն ցուցաբերում, որը կարող է էապես ազդել ուսումնասիրության արդյունքների վրա, ապա կարող է ընտրվել նոր նմուշ: Սակայն եթե շարունակաբար համագործակցություն չի ցուցաբերվում կամ նոր նմուշ ընտրելու համար ժամանակը բավարար չէ, ապա կիրառվում են սույն օրենքի 41-րդ հոդվածի հինգերորդ և վեցերորդ մասերի դրույթները: