Հոդված 9
Հոդված 9
1. Միջուկային նյութերի, սարքավորումների, հատուկ ոչ միջուկային նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանումը սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է 1968 թ. հուլիսի 1-ի «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից բխող Կողմերի պարտավորություններին, ինչպես նաև արտահանման վերահսկման բազմակողմ մեխանիզմների շրջանակներում այլ միջազգային պայմանագրերին և պայմանավորվածություններին համապատասխան, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Բելառուսի Հանրապետությունը:
2. Սույն Համաձայնագրին համապատասխան ստացված միջուկային նյութերը, սարքավորումները, հատուկ ոչ միջուկային նյութերը և համապատասխան տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց հիման վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային և հատուկ ոչ միջուկային նյութերը, սարքավորումները և համապատասխան տեխնոլոգիաները՝
չեն օգտագործվի միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ սարքերի արտադրության նպատակով կամ որևէ այլ ռազմական նպատակի հասնելու համար,
ապահովված կլինեն ֆիզիկական պաշտպանության միջոցներով, որոնց մակարդակը ցածր չի լինի ԱԷՄԳ-ի` «Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանությանը վերաբերող` ֆիզիկական միջուկային անվտանգության գծով առաջարկություններ» փաստաթղթում (INFCIRC/225/Rev.5) և դրա հետագա փոփոխություններում առաջարկված մակարդակից,
կվերաարտահանվեն կամ ընդունող Կողմի պետության իրավազորությունից կփոխանցվեն ցանկացած երրորդ պետություն միայն փոխանցող Կողմի նախնական գրավոր թույլտվության դեպքում:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող միջուկային նյութերը, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված միջուկային նյութերի, սարքավորումների, հատուկ ոչ միջուկային նյութերի օգտագործման արդյունքում արտադրված միջուկային նյութերը չեն հարստացվում ուրան-235 իզոտոպով մինչև 20 և ավելի տոկոս ցուցանիշը, ինչպես նաև չեն հարստացվում և չեն վերամշակվում` առանց փոխանցող Կողմի նախնական գրավոր համաձայնության:
4. Կողմերը համագործակցում են միջուկային նյութերի, սարքավորումների, հատուկ ոչ միջուկային նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանման վերահսկման հարցերով: Փոխանցված միջուկային նյութերի, սարքավորումների, հատուկ ոչ միջուկային նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց հիման վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային և հատուկ ոչ միջուկային նյութերի, տեղակայանքների և սարքավորումների օգտագործման վերահսկողությունն իրականացվում է Կողմերի միջև խորհրդատվությունների միջոցով համաձայնեցված ձևով: