Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակների համար ստորև նշված տերմիններն ունեն հետևյալ նշանակությունը.
«բաղադրիչ» - սարքավորման կամ այլ առարկայի ցանկացած մաս՝ սահմանված համապատասխան ձևով՝ Կողմերի իրավասու մարմինների պայմանավորվածությամբ,
«սարքավորում» - ցանկացած սարքավորում՝ նշված ԱԷՄԳ-ի INFCIRC/254/Rev.11/Part1 տեղեկատվական փաստաթղթում, որում պարբերաբար կարող են կատարվել փոփոխություններ: Ցանկացած նման փոփոխություն սույն Համաձայնագրի շրջանակներում ուժ ունի միայն այն դեպքում, եթե Կողմերը գրավոր, դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են, որ ընդունում են այդ փոփոխությունը,
«նյութ» - ցանկացած ոչ միջուկային նյութ՝ նշված ԱԷՄԳ-ի INFCIRC/254/Rev.11/Part1 տեղեկատվական փաստաթղթում, որում պարբերաբար կարող են կատարվել փոփոխություններ: Ցանկացած նման փոփոխություն սույն Համաձայնագրի շրջանակներում ուժ ունի միայն այն դեպքում, եթե Կողմերը գրավոր, դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են, որ ընդունում են այդ փոփոխությունը,
«տեղեկատվություն» - սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրման կամ փոխանակման համար Կողմերի իրավասու մարմինների կողմից պայմանավորվածությամբ համապատասխան ձևով սահմանված` գիտական, առևտրային, տեխնիկական տվյալներ կամ ցանկացած ձևով այլ տեղեկատվություն,
«մտավոր սեփականություն» - մտավոր սեփականություն, որը սահմանված է 1967 թ. հուլիսի 14-ին Ստոկհոլմ քաղաքում (Շվեդիա) ստորագրված` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադիր կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան,
«միջուկային նյութ» - որևէ սկզբնական նյութ կամ հատուկ տրոհվող նյութ՝ ԱԷՄԳ-ի կանոնադրության XX հոդվածի սահմանումներին համապատասխան: ԱԷՄԳ-ի կոնոնադրության XX հոդվածի շրջանակներում ԱԷՄԳ-ի ղեկավարների Խորհրդի ցանկացած սահմանում, որը փոփոխում է «սկզբնական նյութ» կամ «հատուկ տրոհվող նյութ» սահմանումներին համապատասխանող նյութերի ցանկը, սույն Համաձայնագրի շրջանակներում ուժ ունի միայն այն դեպքում, եթե Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր տեղեկացնում են, որ իրենք ընդունում են այդպիսի փոփոխությունը,
«տեխնոլոգիա» - տեխնոլոգիա՝ սահմանված ԱԷՄԳ-ի INFCIRC/254/Rev.9/Part1 տեղեկատվական փաստաթղթում, որում պարբերաբար կարող են կատարվել փոփոխություններ: Ցանկացած նման փոփոխություն սույն Համաձայնագրի շրջանակներում ուժ ունի միայն այն դեպքում, եթե Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր տեղեկացնում են, որ իրենք ընդունում են այդպիսի փոփոխությունը,
«լիազորված կազմակերպություններ» - Կողմերի պետություններից յուրաքանչյուրի իրավաբանական անձ, որը համապատասխան Կողմի իրավասու մարմնի կողմից լիազորված է` իրականացնելու համագործակցություն սույն Համաձայնագրի շրջանակներում: