Հոդված 17
Հոդված 17
Համաձայնագրի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26
Տեղեկությունների փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ սույն Համաձայնագրի դրույթների կատարման կամ Պայմանավորվող պետությունների կամ նրանց իշխանության տեղական մարմինների անունից գանձվող` ցանկացած տեսակի և բնույթի հարկին առնչվող` ազգային օրենսդրությունների կիրառման կամ հարկադիր կատարման վերաբերյալ` այն չափով, ինչքանով նման հարկումը չի հակասում սույն Համաձայնագրի դրույթներին: Տեղեկությունների փոխանակումը չի սահմանափակվում սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներով:
2. Պայմանավորվող պետության կողմից սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պայմանավորվող պետության ազգային օրենսդրության շրջանակներում ստացված տեղեկությունը, և հաղորդվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկերի որոշմանը կամ գանձմանը, հարկադիր բռնագանձմանը կամ դատական հետապնդմանը կամ բողոքների քննմանը, կամ այդ գործողությունների նկատմամբ հսկողությանը: Այդ անձինք կամ մարմինները նման տեղեկությունն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների կայացման ժամանակ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
ա) կիրառել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը և վարչական գործունեությանը հակասող վարչական միջոցառումներ.
բ) տրամադրել տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը համապատասխան կամ սովորական վարչական գործունեության ընթացքում.
գ) տրամադրել տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրային, ձեռնարկատիրական, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ` տեղեկություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական շահերին):
4. Եթե մի Պայմանավորվող պետություն, սույն հոդվածին համապատասխան, տեղեկություն է հայցում, մյուս Պայմանավորվող պետությունը ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված իր միջոցները հայցվող տեղեկությունը ձեռք բերելու համար` նույնիսկ այն դեպքում, եթե այդ մյուս Պայմանավորվող պետությունն իր սեփական հարկային նպատակների համար չունի այդ տեղեկության կարիքը: Տվյալ պարտավորությունը ենթակա է սույն հոդվածի 3-րդ կետում նշված սահմանափակումներին, բայց այդպիսի սահմանափակումները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես Պայմանավորվող պետությանը տեղեկության տրամադրումը մերժելու թույլտվություն միայն այն պատճառով, որ ինքը այդպիսի տեղեկություն ստանալու հարցում հետաքրքրություն չունի:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն Պայմանավորվող պետությանը` մերժել տեղեկության տրամադրումը միայն այն պատճառով, որ նման տեղեկության տիրապետում է բանկը, այլ ֆինանսավարկային հաստատությունը, նշանակված անձը կամ որպես միջնորդ կամ վստահորդ գործող անձը, կամ որ տեղեկությունը վերաբերում է անձի սեփականության իրավունքին:»: