Հոդված 5
Հոդված 5.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.13-րդ և 21.14-րդ հոդվածներով.
«Հոդված 21.13. Բանկի ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը
1. Բանկի ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը՝
ա) բացահայտում, գնահատում է բանկի գործունեությանը բնորոշ ռիսկերը, տալիս է բանկի ռիսկի ընդհանուր նկարագիրը.
բ) հսկողություն և մոնիտորինգ է իրականացնում բացահայտված ռիսկերի նկատմամբ, ապահովում է դրանց արդյունավետ կառավարումը.
գ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի ռիսկերի կառավարման ռազմավարությունը, ռիսկի ընդունելի սահմանաչափը, ինչպես նաև առանձին ռիսկերի կառավարման քաղաքականությունները, խորհրդի սահմանած պարբերականությամբ խորհուրդ և գործադիր մարմին հաշվետվություն է ներկայացնում բանկի ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ.
դ) իրականացնում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ռիսկերի կառավարմանն առնչվող այլ գործառույթներ:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բանկի ռիսկերի կառավարման գործառույթի արդյունավետ իրականացման նվազագույն պահանջներ: