Հոդված 12. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը
Հոդված 12. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը
1. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կազմված է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարից, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներից և դատախազներից, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ նաև տեղակալից (տեղակալներից):
2. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ (տեղակալներ): Գլխավոր դատախազության վարչությունը կարող է ունենալ նաև բաժիններ:
3. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ ստորաբաժանում) ղեկավարը`
1) ղեկավարում, կազմակերպում և համակարգում է իր ղեկավարած ստորաբաժանման գործունեությունը.
2) ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, հանձնարարությունների, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարականների, հանձնարարությունների կատարումը.
3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազների և դատախազների (այսուհետ՝ ստորաբաժանման դատախազներ) միջև աշխատանքի բաժանում կատարելու վերաբերյալ.
4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին` իր ղեկավարած ստորաբաժանման դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև նրանց առաջխաղացման վերաբերյալ.
5) առաջարկներ է ներկայացնում դատախազության գլխավոր քարտուղարին իր նշանակած քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) վերահսկողություն է իրականացնում ստորաբաժանման աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման և ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը իր ղեկավարած ստորաբաժանման գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի առջև:
5. Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն իր իրավասության շրջանակներում՝
1) կարող է Երևան քաղաքի դատախազից, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազներից պահանջել վարույթի կամ այլ նյութեր, դրանց հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.
2) գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին առաջարկություններ ներկայացնել Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների կողմից դատախազության լիազորությունների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
6. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում է անձամբ կամ ստորաբաժանման դատախազների միջոցով:
7. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքեր հայտնաբերելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ օրենքով սահմանված կարգով դիմում է գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին:
8. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներն իրականացնում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները:
(12-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-26-Ն, լրաց., փոփ. 09.06.22 ՀՕ-153-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-104-Ն)
(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)