Հոդված 50.1. Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը
Հոդված 50.1. Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը
1. Դատախազի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ առաջին անգամ դատախազի պաշտոնում նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում: Գլխավոր դատախազը և նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:
2. Նախկինում դատախազի պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է դատախազի պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է կրկին դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են դատախազի պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։
4. Այն դեպքում, երբ դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, դատախազն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետը սկսվում է հաշվարկվել դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։
5. Դատախազը բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում է էլեկտրոնային համակարգի միջոցով։
6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության արդյունքով ընդունված խորհրդատվական բնույթի եզրակացությունները տրամադրում է գլխավոր դատախազին:
(50.1-ին հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-163-Ն)
(11.04.24 ՀՕ-163-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)