Հոդված 46. Դատախազության դասային աստիճանների շնորհման կարգը և ժամկետները
Հոդված 46. Դատախազության դասային աստիճանների շնորհման կարգը և ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է դատախազությունում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի: Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս դատախազին շնորհվում է սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:
2. Եթե սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է դատախազության տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
3. Դատախազներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են պաշտոնավարման հետևյալ ժամկետները՝
1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երկու տարի.
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` երեք տարի.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` չորս տարի.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար` հինգ տարի:
5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում:
6. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
7. Դատախազի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝
1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 7-8-րդ մասերով սահմանված կարգով հետաձգվել է նրա ատեստավորումը մինչև նրա ատեստավորման արդյունքներով որոշում ընդունելը.
2) նրա նկատմամբ սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովն ընդունել է լրացուցիչ վերապատրաստում անցնելու որոշում մինչև վերապատրաստման ավարտը.
3) նա ունի կարգապահական տույժ մինչև կարգապահական տույժի` սույն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելը.
4) նրա նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով հարուցվել է կարգապահական վարույթ մինչև վարույթի արդյունքներով համապատասխան որոշում ընդունելը.
5) նրա լիազորությունները սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել են մինչև կասեցման հանգամանքների վերանալը:
8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, դատախազին շնորհվում է հերթական դասային աստիճանը:
9. Դատախազին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դասային աստիճան շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
(46-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-104-Ն)
(01.03.23 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)