Հոդված 13
Հոդված 13.
Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացումը
(վերնագիրը խմբ. 28.09.16 ՀՕ-153-Ն)
1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ժէ» կետերով սահմանված գործունեություն իրականացնողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ վերադաս հարկային մարմնի հաստատած ձևի հայտարարություն (այսուհետ` հայտարարություն):
Ընդ որում՝
1) սույն օրենքով սահմանված ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները՝
ա. հայտարարությունը ներկայացնում են մինչև գործունեությունն իրականացնելուն (սկսելուն, վերսկսելուն) նախորդող վերջին աշխատանքային օրը,
բ. գործունեության իրականացման ընթացքում հայտարարությունը ներկայացնում են հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում,
գ. ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման) դեպքում նախապես, մինչև ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությանը նախորդող վերջին աշխատանքային օրը, ներկայացնում են նոր հայտարարություն.
2) սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները՝
ա. հայտարարությունը ներկայացնում են գործունեությունն իրականացնելուց (սկսելուց, վերսկսելուց) առնվազն երեք աշխատանքային օր առաջ,
բ. գործունեության իրականացման ընթացքում հայտարարությունը ներկայացնում են յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը, ընդ որում՝ գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն,
գ. ելակետային տվյալների ավելացման դեպքում տվյալ ամսվա համար ներկայացնում են նոր հայտարարություն՝ ելակետային տվյալների ավելացում կատարելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ.
3) սույն օրենքով սահմանված խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղեր իրականացնողները հայտարարություն են ներկայացնում յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Սույն օրենքով սահմանված ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները և տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները գործունեության դադարեցման դեպքում վերադաս հարկային մարմնի հաստատած ձևի գործունեության դադարեցման մասին դիմում-հայտարարություն (այսուհետ` դիմում) տալու միջոցով նախապես, մինչև դադարեցմանը նախորդող վերջին աշխատանքային օրը, տեղեկացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին` նշելով դադարեցման ժամանակահատվածի սկիզբը:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետով սահմանված գործունեություն իրականացնողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ (այսուհետ` տեղեկություններ) ամսվա ընթացքում իրենց ստացած և իրացրած գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ: Յուրաքանչյուր ամսվա արդյունքներով վճարողները տեղեկությունները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Տեղեկությունների ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածով սահմանված հայտարարությունը, դիմումը, տեղեկությունները հարկային մարմին կարող են ներկայացվել՝
1) թղթային տարբերակով՝ առձեռն կամ փոստով.
2) էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով՝ համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգի:
Հայտարարության, դիմումի, տեղեկությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի ներդրման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(13-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.12.01 ՀՕ-277, 25.12.03 ՀՕ-51-Ն, 25.12.06 ՀՕ-20-Ն, լրաց. 03.07.07 ՀՕ-193-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-214-Ն, 27.04.10 ՀՕ-56-Ն, խմբ. 28.09.16 ՀՕ-153-Ն)