Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-01-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 10

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.

Հարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը

1. Վճարողները մինչև սույն օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն-հաշվարկ, այսուհետ` հայտարարություն)` երկու օրինակից` հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ, բացառությամբ 7 հոդվածի «իա» ենթակետով նախատեսված գործունեության դեպքում:

2. Հարկային տեսչության մարմնի կողմից հաշվառվելուց և կնքվելուց հետո հայտարարության մեկ օրինակը վերադարձվում է վճարողին:

3. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

4. Սույն օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում` այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:

5. Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմում-հայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` նշելով դադարեցման ժամանակահատվածը: Ընդ որում, սույն օրենքի 7 հոդվածի «դ» և «ժ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնողները դիմումի հետ վերադարձնում են նաև հայտարարության իրենց օրինակը:

6. Դիմում-հայտարարության մեջ գործունեության դադարեցման ժամանակահատվածը նշված չլինելու դեպքում գործունեությունը վերսկսելիս վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին` ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից: Դիմումի ձևը հաստատում է վերադաս հարկային մարմինը:

7. Գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից: Դիմումի ձևը հաստատում է վերադաս հարկային մարմինը:

8. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների իրականացման վայրում` առավել տեսանելի տեղում վճարողը փակցնում է սույն հոդվածով նախատեսված հայտարարության երկրորդ օրինակը` բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժ» և «ժբ» ենթակետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող վճարողների, որոնք այդ օրինակը պահում են գործունեության իրականացման անմիջական վայրում:

9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7 հոդվածի «ժդ.1» և «ժէ» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:

(10-րդ հոդվածը խմբ. 05.12.00 ՀՕ-138, լրաց. 14.12.01 ՀՕ-277, փոփ. 25.12.06 ՀՕ-20-Ն, լրաց. 11.06.09 ՀՕ-152-Ն, փոփ. 20.05.10 ՀՕ-88-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-194-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։