Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-25-ից մինչև 2018-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 19.1 · (գլուխը լրաց. 21.12.17 ՀՕ-35-Ն)

Հոդված 129.2. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

գործել է մինչև 2018-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 129.2. Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

1. Դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:

2. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:

3. Գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝

1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.

3) առկա է ոչ պատշաճ կողմի փոխարինման կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

4) անհրաժեշտ է որոշել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր:

4. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է ընդհանուր հայցային վարույթի կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված կարգով միացված պահանջներն առանձնացնում են առանձին վարույթներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։