Հոդված 212. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը
Հոդված 212. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը
1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այն անձը, որի պաշտոնեական կարգավիճակը նշված չէ.
2) վերաքննիչ բողոքին կցված չեն գործին մասնակցող անձանց` դրա պատճեններն ուղարկելու ապացույցները.
3) վերաքննիչ բողոքին կցված չեն սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը.
4) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին.
5) բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին:
2. Վերաքննիչ դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` բողոքն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, բողոքը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով բողոքը բերող անձին:
3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված` սկզբնական ներկայացնելու օրը:
4. Վերաքննիչ դատարանի բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` բողոքը բերողի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
5. Որոշումը վերացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացնելու օրը:
(212-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն)