Հոդված 91. Հայցադիմումի ընդունումը մերժելը
Հոդված 91. Հայցադիմումի ընդունումը մերժելը
1. Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է միջնորդ դատարանի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու, ինչպես նաև «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միջնորդ դատարանի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու դեպքերի:
2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 18.02.04 ՀՕ-36-Ն)
4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:
5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:
(91-րդ հոդվածը խմբ., փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն)