Հոդված 212. Վերաքննիչ բողոքի պատասխանը
Հոդված 212. Վերաքննիչ բողոքի պատասխանը
1. Գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:
2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր: Վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:
3. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու ապացույցները:
4. Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:
(212-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 213. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը
1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները.
2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը.
3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.
4) բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.
5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման.
6) գործին մասնակցող անձանց միջև առկա է վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն, և նման համաձայնություն կնքած մյուս կողմը չի համաձայնվել գործը վերաքննիչ դատարանում քննելու վերաբերյալ:
2. Վերաքննիչ դատարանը, սույն օրենսգրքի 144 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:
3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
4. Վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում:
5. Որոշումը վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված` սկզբնական ներկայացնելու օրը:
(213-րդ հոդվածի 3-րդ մասը 28.06.16 ՍԴՈ-1290 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն)
(213-րդ հոդվածը խմբ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 214. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը
1. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակն ու վայրը:
3. Որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
(214-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-98-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)
⚖Հոդված 215. Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը
1. Վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը մինչև վերաքննիչ դատարանը սկսի գործի քննությունը:
2. Եթե վերաքննիչ բողոքն ընդունված է վարույթ, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք: Եթե վճիռը բողոքարկել են այլ անձինք, ապա վերաքննիչ վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
3. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:
(215-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)