Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-04-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 13 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Հոդված 91. Հայցադիմումի ընդունումը մերժելը

գործել է մինչև 2018-04-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 91. Հայցադիմումի ընդունումը մերժելը

1. Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.

3) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:

2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

3. (կետն ուժը կորցրել է 18.02.04 ՀՕ-36-Ն)

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:

(91-րդ հոդվածը խմբ., փոփ. 18.02.04 ՀՕ-36-Ն, 25.12.06 ՀՕ-61-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-98-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-130-Ն)

&#9878Հոդված 92. Հայցադիմումը վերադարձնելը

1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 87 հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները.

2) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

3) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

4) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

5) չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է.

6) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.

7) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին.

8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել:

2. Դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

3. Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:

4. Հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:

(92-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 18.02.04 ՀՕ-36-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-61-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-98-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

&#9878Հոդված 93. Հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելը

1. Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95 հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին: Այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացնելու հետ միաժամանակ հայցվորը միջնորդություն է ներկայացնում հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները դատարանի որոշումը կատարելուց հետո անհապաղ ուղարկվում են պատասխանողին: 2. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող այլ անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:

3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ստանալ հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները` օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելով:

(93-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

&#9878Հոդված 94. Պատասխանողի գտնվելու վայրի անհայտ լինելը

1. Պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է սույն օրենսգրքի 78 հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:

2. Հայցվորի միջնորդությամբ դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) միջոցով հայտարարում է պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում:

3. Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին դատարանը կայացնում է որոշում:

4. Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(94-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-90-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-49-Ն)

&#9878Հոդված 95. Հայցադիմումի պատասխանը և այն ներկայացնելու կարգը

1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:

2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.

2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).

3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.

ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,

բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,

գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.

4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:

3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`

1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.

2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:

4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:

5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

(95-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-154-Ն, 28.11.07 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։