Հոդված 149.8. Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները
Հոդված 149.8 . Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները
1. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
2. Դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝
1) պարզում է հայցի առարկան ու հիմքը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը.
4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը.
5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները.
6) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը.
7) կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները.
8) քննարկում է գործի քննությանը այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը.
9) որոշում է ապացույցների հետազոտման կարգը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
3. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն օրենսգրքի 22 գլխով սահմանված կարգով:
(149.8 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)