Հոդված 139. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում իրավաբան գիտնականների ընդգրկման կարգը
Հոդված 139. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում իրավաբան գիտնականների ընդգրկման կարգը
1. Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար` իրավագիտության բնագավառում գիտական աստիճան, իսկ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար` իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և համապատասխանաբար վերջին ութ և տասը տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (ստորև՝ գիտնականներ) կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Գիտնականները տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 20-ը, կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված գիտական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցները, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը.
3) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
4) աշխատանքային գրքույկի բնօրինակը կամ հավակնորդի աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր.
5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:
3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրան զրույցի։
4. Գիտնականի թեկնածությունը կարող է ներառվել վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում: Այդ նպատակով Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նրա թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին` վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու առաջարկությամբ: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի լրացնում դատավորների առաջխաղացման ցուցակը, ապա թեկնածությունը համարվում է մերժված:
5. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված գիտնականների համար Արդարադատության ակադեմիայում կազմակերպվում է ուսուցում գործնական հմտությունների զարգացման մասով:
(139-րդ հոդվածը փոփ. 28.10.10 ՀՕ-136-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-34-Ն)