Անցնել բովանդակությանը
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 72. Դատարանների նախագահների խորհուրդը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 72. Դատարանների նախագահների խորհուրդը

1. Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է:

2. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի կամ պալատի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:

3. Դատարանների նախագահների խորհուրդը՝

1) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.

2) քննարկում է դատարանների և դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց և առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ.

3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

4) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.

4.1) հաստատում է քրեական վարույթի մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների համար հերթապահություն սահմանելու կարգը.

5) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.

7) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.

8) մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.

9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը, դրանց սպասարկման տարածքները և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.

10) մշակում և հաստատում է դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը.

11) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որևէ դատավորի դիմումի հիման վրա կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.

12) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

13) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.

14) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.

15) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.

16) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.

17) հաստատում է Դատական դեպարտամենտի նախապատրաստած բյուջետային հայտը.

18) դատարանների ներկայացրած հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.

19) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.

20) վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.

21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը.

22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ՝ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.

23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.

24) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.

25) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Դատարանների նախագահների խորհրդի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Դատարանների նախագահների խորհրդի արտահերթ նիստ գումարվում է խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով` նրանց սահմանած օրակարգով:

5. Դատարանների նախագահների խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու որևէ հարցի վերաբերյալ քվեարկելուց:

6. Դատարանների նախագահների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի անդամ չհանդիսացող դատավորներ, ինչպես նաև այլ անձինք:

7. Դատարանների նախագահների խորհուրդն ապահովում է նիստերի ողջ ընթացքի տեսաձայնագրությունը, իսկ ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ հեռարձակումը նիստերի դահլիճից դուրս` հանրության համար մատչելի տարածքում:

8. Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

9. Դատարանների նախագահների խորհուրդն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:

(72-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-281-Ն, լրաց. 07.04.09 ՀՕ-76-Ն, 07.04.09 ՀՕ-91-Ն, 07.12.10 ՀՕ-201-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-47-Ն, լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։