Հոդված 76. Դատավորի արձակուրդը
Հոդված 76. Դատավորի արձակուրդը
1. Դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:
2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը: Դատավորին ամենամյա հերթական արձակուրդ կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավելի, քան երեք մասով:
3. Դատարանի նախագահը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը և հրապարակում Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու և դրա պատճառների մասին տվյալ դատարանի նախագահն իրազեկում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ:
5. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:
6. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը կարող է լուծել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
7. Դատավորներին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանվում է Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ:
(76-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-47-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-34-Ն)