Հոդված 3
Հոդված 3
1. Իրավատիրոջ դիմումի հիման վրա Միասնական ռեեստրում ընդգրկվում են Մաքսային միության անդամ պետություններից յուրաքանչյուրում իրավական պահպանության ենթակա մտավոր սեփականության օբյեկտները:
2. Այն իրավատերը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Մաքսային միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման առնչությամբ կամ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հետ այլ գործողություններ կատարելիս կարող է տեղի ունենալ իր իրավունքների խախտում՝ մտավոր սեփականության ոլորտում Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությունների և (կամ) Մաքսային միության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի դիմում ներկայացնելու մտավոր սեփականության օբյեկտը Միասնական ռեեստրում ընդգրկելու մասին:
3. Դիմումը գրավոր ներկայացվում է Մաքսային միության անդամ պետություններից մեկի կենտրոնական մաքսային մարմին: Տեխնիկական հնարավորության առկայության դեպքում դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային ձևով:
Դիմումը ներկայացվում է մեկ իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) անունից, մտավոր սեփականության օբյեկտների մեկ տեսակի առնչությամբ: Մեկ դիմումի մեջ չի թույլատրվում միաժամանակ տվյալներ նշել մտավոր սեփականության օբյեկտների տարբեր տեսակների մասին, եթե նույնիսկ մտավոր սեփականության այդ օբյեկտները պատկանում են մեկ իրավատիրոջը (միևնույն իրավատերերին):
Այն անձը, որը ներկայացնում է տարբեր իրավատերերի շահերը մտավոր սեփականության տարբեր օբյեկտների մեկ տեսակի մասով, պետք է առանձին դիմումներ ձևակերպի տարբեր իրավատերերին պատկանող՝ մտավոր սեփականության տարբեր օբյեկտների առնչությամբ:
4. Մաքսային միության մաքսային տարածքում մշտական ներկայացուցչություն չունեցող իրավատիրոջ անունից դիմումը կարող է ներկայացվել Մաքսային միության անդամ պետություններից որևէ մեկի տարածքում մշտական գտնվելու վայր ունեցող (գրանցված) անձանց միջոցով: