Հոդված 4
Հոդված 4
1. Դիմումը պետք է ներառի տվյալներ՝
իրավատիրոջ մասին, իսկ նրա ներկայացուցչի կողմից այն ներկայացնելու դեպքում՝ նաև նրա ներկայացուցչի մասին,
մտավոր սեփականության օբյեկտի մասին,
այն ապրանքների մասին, որոնց տեղափոխումը Մաքսային միության մաքսային սահմանով կամ մաքսային հսկողության տակ գտնվող այդ ապրանքների հետ իրականացվող այլ գործողություններ իրավատիրոջ կարծիքով հանգեցնում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պահպանվող իր իրավունքների խախտմանը՝ այնքան մանրամասնեցված, որքան անհրաժեշտ է մաքսային մարմինների կողմից դրանք հայտնաբերելու հնարավորությունն ապահովելու համար (ապրանքների արտաքին տեսքի նկարագրություն (դրանց փաթեթավորումը, պիտակները և այլն)),
իրավատիրոջ կողմից լիազորված ներմուծողների, արտահանողների մասին,
ապրանքների ծածկագրերի մասին՝ առնվազն առաջին չորս նիշի մակարդակով՝ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան,
այն ապրանքների ներմուծման ենթադրյալ վայրերի մասին, որոնց տեղափոխումը Մաքսային միության մաքսային սահմանով կամ մաքսային հսկողության տակ գտնվող այդ ապրանքների հետ իրականացվող այլ գործողություններ իրավատիրոջ կարծիքով հանգեցնում են Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պահպանվող իր իրավունքների խախտմանը, ինչպես նաև այդ ապրանքները ներմուծողների (արտահանողների) մասին, եթե այդպիսի տեղեկություններ առկա են,
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատիրոջ իրավունքների պաշտպանության ժամկետի մասին:
Նշված տվյալները կարող են ձևակերպվել այդ տվյալները հավաստող փաստաթղթերի պատճենների տեսքով: Փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս կարող են պահանջվել դրանց բնօրինակները, որոնք պատճենների համապատասխանությունը դրանց հետ ստուգելուց հետո վերադարձվում են:
2. Մտավոր սեփականության օբյեկտներին առնչվող և նկարագրական բնույթ կրող կամ որևէ տվյալների ցանկ կամ շտեմարան հանդիսացող առանձին տվյալները կարող են լրացուցիչ կերպով փոխանցվել էլեկտրոնային ձևով՝ նյութական կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
3. Դիմումին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են Մաքսային միության անդամ պետություններից յուրաքանչյուրում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի առկայությունը (վկայագրեր, իրավունքների փոխանցման մասին պայմանագրեր (այդ թվում՝ լիցենզային), այլ փաստաթղթեր, որոնք իրավատերը կարող է ներկայացնել ի հավաստումն Մաքսային միության անդամ պետություններից յուրաքանչյուրում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների առկայության՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան), ինչպես նաև դիմումի մեջ նշվող տվյալները հավաստող փաստաթղթեր:
Իրավատերը կարող է դիմումին կից ներկայացնել այն ապրանքների նմուշները, որոնք կարող են հիմք ծառայել իր իրավունքների՝ իր կարծիքով տեղի ունեցած խախտման փաստը հաստատելու համար:
4. Եթե դիմումը ներկայացվում է իրավատիրոջ շահերը ներկայացնող անձի կողմից, ապա դիմումին կցվում է նաև իրավատիրոջ կողմից այդ անձին տրամադրված լիազորագիրը: Լիազորագիրը պետք է գործի Մաքսային միության ամբողջ տարածքում:
Եթե Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության միևնույն օբյեկտի նկատմամբ իրավունքները պատկանում են տարբեր իրավատերերին, ապա դիմումին պետք է կցվեն իրավատերերից յուրաքանչյուրի կողմից տրված լիազորագրերը:
5. Դիմումը և դրան կցվող փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով կամ այլ լեզվով: Փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում է դրանց ռուսերեն թարգմանությունը:
6. Դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է իրավատիրոջ՝ այն գույքային վնասը հատուցելու գրավոր պարտավորությունը, որը կարող է պատճառվել հայտարարատուին, սեփականատիրոջը, ապրանքներն ստացողին կամ այլ անձանց՝ ապրանքների բացթողումը կասեցնելու առնչությամբ:
Եթե Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության միևնույն օբյեկտի նկատմամբ իրավունքները պատկանում են տարբեր անձանց, ապա դիմումին պետք է կցվի իրավատերերից յուրաքանչյուրի պարտավորությունը:
7. Իրավատերը (նրա ներկայացուցիչը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել դիմումում կամ դրան կցվող փաստաթղթերում նշված տվյալների փոփոխությունների մասին:
8. Եթե դիմումը չի պարունակում սույն Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերը և տվյալները, ապա կենտրոնական մաքսային մարմիններն իրավասու են իրավատիրոջից (նրա ներկայացուցչից) պահանջելու որոշում կայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տվյալները:
Մեկամսյա ժամկետում այդպիսի փաստաթղթեր և տվյալներ չներկայացնելու դեպքում Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն իրավասու են մերժելու դիմումի ուսումնասիրումը: