Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 34. Դատախազների թեկնածությունների ցուցակի կազմումը

գործել է մինչև 2013-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 34. Դատախազների թեկնածությունների ցուցակի կազմումը

1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:

2. Որակավորման հանձնաժողովը դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն:

3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).

5) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:

4. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:

5. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման` սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից:

7. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական ունակությունները և բարոյական հատկանիշները, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված այլ պահանջներին:

8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին, որն իր համար ընդունելի թեկնածուներին ընդգրկում է դատախազների թեկնածությունների ցուցակում:

9. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի սահմանած կարգով դատախազության դպրոցում ուսումնառության ծրագիր է անցնում և հանձնում որակավորման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:

10. Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`

1) ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո 5 տարի.

2) իրավաբանական գիտությունների դոկտոր է.

3) իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ:

11. Դատախազության դպրոցում ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ որակավորման հանձնաժողովը կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ դատախազների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։