Հոդված 34. Ընտրատարածքային հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
Հոդված 34. Ընտրատարածքային հանձնաժողովում քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
(վերնագիրը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)
1. Ընտրատարածքային հանձնաժողովը, տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ամփոփում և քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 28 ժամվա ընթացքում, հրապարակում է տեղական հանրաքվեի նախնական արդյունքները՝ ցուցակներում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:
2. Մինչև տեղական հանրաքվեի նախնական արդյունքներն հրապարակելը ընտրատարածքային հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ ընտրատարածքային հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում՝ հինգ օր հետո, ընտրատարածքային հանձնաժողովը կազմում է մարզում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, նշելով՝
ա) տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը՝ ըստ ցուցակի.
բ) գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ ստորագրությունների.
գ) տեղամասային հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.
դ) մարված քվեաթերթիկների թիվը.
ե) քվեատուփում առկա վավեր քվեաթերթիկների թիվը.
զ) քվեատուփում առկա անվավեր քվեաթերթիկների թիվը.
է) քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
ը) կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.
թ) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.
ժ) անճշտությունների չափը:
4. Տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին նշում է կատարում և ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
5. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է տեղական հանրաքվեի վերջնական արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:
6. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամները, դա կնքում է հանձնաժողովի նախագահը:
7. Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քվեարկության ավարտից հետո, երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ տեղական կամ մարզային հեռուստաընկերությամբ և ռադիոընկերությամբ հանդես է գալիս տեղեկատվությամբ: Տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որոշում ընդունվելուց հետո ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը 3 ժամվա ընթացքում տեղական կամ մարզային հեռուստաընկերության և ռադիոընկերության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է հանրաքվեի վերջնական արդյունքները:
8. Դիտորդի պահանջով նրան տրվում է տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը՝ տեղական հանրաքվեի արդյունքների ամփոփ տվյալների մասին, որը պետք է վավերացված լինի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:
9. Ընտրատարածքային հանձնաժողովի առնվազն 3 անդամի գրավոր պահանջով ընտրատարածքային հանձնաժողովն ստուգում է համապատասխան տեղամասերում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունը հանրաքվեի փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել տեղամասային համապատասխան հանձնաժողովի անդամները:
(34-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)