Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածում`
Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «և (կամ) նրա» բառերը.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր, Կենտրոնական դեպոզիտարիա, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն, ինչպես նաև առևտրային բանկեր հարցումներ կատարելու միջոցով:
Պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով հետախուզումն իրականացվում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, սոցիալական ապահովության ծառայություն, առևտրային բանկեր, ինչպես նաև պարտապանի աշխատելու փաստը պարզելու նպատակով հարկային մարմին հարցումներ կատարելու միջոցով:
Սույն մասով նախատեսված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ առևտրային բանկեր և Կենտրոնական դեպոզիտարիա կատարվող հարցումների:
Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առևտրային բանկեր և Կենտրոնական դեպոզիտարիա պարտապանի գույքի վերաբերյալ հարցումներ ուղարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած հատուկ կապուղու միջոցով, որի շահագործման, էլեկտրոնային փոստի օգտագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի կամ նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ օրենքով, իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտով իրավասու ճանաչված անձի (այսուհետ՝ իրավասու անձ) հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքերում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:
Պարտապան-ֆիզիկական անձի, ինչպես նաև իրավաբանական անձի (իրավասու անձի) հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը, ինչպես նաև իրականացնում են այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.
«8. Եթե 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները, և պարտապանի գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, ապա պարտապանը պարտավոր է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել հարկադիր կատարողին: Պարտապանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն կատարողական վարույթի հարուցումից հետո օտարված անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների մասին:
Եթե հայտարարագիր ներկայացնելուց հետո պարտապանի գույքի արժեքն անբավարար է կատարողական թերթի պահանջները կատարելու համար, ապա պարտապանի կողմից սեփականության իրավունքով նոր գույք կամ գույքային իրավունք ձեռք բերվելու դեպքում պարտապանը հինգ օրվա ընթացքում հայտարարագիր է ներկայացնում նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո սեփականության իրավունքով ձեռք բերված գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին:
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող պարտապանը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հայտարարագիրը չի ներկայացնում:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Պարտապանի կողմից հարկադիր կատարողին ներկայացվող՝ գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ հայտարարագրի ձևը և հայտարարագրի ներկայացման կարգը սահմանվում են արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»: