Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

«Հոդված 28.1. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը

1. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:

2. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշած հասցեով:

3. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումն ստանալու փաստով:

4. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են կողմին կամ նրա ներկայացուցչին:

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստին, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել, կամ հարկադիր կատարման ծառայության հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ առկա չէ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կողմին հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է կողմը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:

7. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում՝ նաև հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:

8. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում կատարողական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:

9. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է որոշումը կամ ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում են որոշումը կամ ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):

10. Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է որոշման կամ ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով որոշումը կամ ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

11. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի համաձայնությամբ՝ վերջինիս մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

12. Կատարողական վարույթի կողմերը պարտավոր են հարկադիր կատարողին անհապաղ հայտնել կատարողական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան որոշումը կամ ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը կամ ուղարկվել (հանձնվել) է որոշումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:

13. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:

14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ որոշումը կամ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։