Հոդված 21. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները
Հոդված 21. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները
1. Բոլոր կազմակերպություններն անալիտիկ և սինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել ֆինանսական հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության արժույթով:
Օրենքով և հաշվապահական հաշվառման ստանդարտներով նախատեսված դեպքերում հիմնական (մայր) կազմակերպությունը պարտավոր է կազմել համախմբված ֆինանսական հաշվետվություններ:
2. Ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները սահմանվում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
3. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն դրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
4. Ֆինանսական հաշվետվությունը պետք է ունենա հետևյալ պարտադիր վավերապայմանները`
ա) անվանումը.
բ) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է հաշվետվությունը.
գ) կազմակերպության անվանումը.
դ) գտնվելու վայրը.
ե) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը).
զ) պատասխանատու անձանց ստորագրությունները:
Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ վավերապայմաններ:
5. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը սահմանում է ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումները: Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերում և դրանց լրացման ցուցումներում սահմանում է պարտադիր պահանջներ: Կազմակերպությունները կարող են օգտագործել այդ ձևերը կամ սահմանել դրանք ինքնուրույն` պահպանելով հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի պարտադիր պահանջները:
6. Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Դրանք կնքվում են կազմակերպության կնիքով: