Հոդված 9. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի չափումը
Հոդված 9. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի չափումը
1. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի չափումն այն դրամական մեծության որոշումն է, որով դրանք ենթակա են ճանաչման հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:
2. Կազմակերպության ակտիվների և պարտավորությունների չափումը կատարվում է տարբեր աստիճաններով ու համակցություններով` ներքոհիշյալ հիմունքները կիրառելու միջոցով`
ա) սկզբնական (փաստացի) արժեք`
- ակտիվները գրանցվում են ձեռքբերման պահի դրությամբ դրանց ձեռքբերման համար վճարված (վճարվելիք) դրամական միջոցների գումարի չափով, իսկ այլ ձևով հատուցելու դեպքում` հատուցման իրական արժեքի չափով,
- պարտավորությունները գրանցվում են դրանց դիմաց ստացված ակտիվների (ծառայությունների) գումարի չափով կամ, եթե դրանց դիմաց ակտիվներ (ծառայություններ) չեն ստացվել, դրամական միջոցների այն գումարի չափով, որն ակնկալվում է, որ կվճարվի սովորական գործունեության ընթացքում այդ պարտավորությունները մարելու համար.
բ) ընթացիկ (վերականգնման) արժեք`
- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին միևնույն կամ համանման ակտիվ ձեռք բերվեր,
- պարտավորությունները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որն անհրաժեշտ կլիներ այդ պարտավորությունները ներկա պահին մարելու համար.
գ) իրացման (մարման) արժեք`
- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կարող էր ներկա պահին ստացվել ակտիվները սովորական պայմաններում վաճառելով,
- պարտավորությունները գրանցվում են իրենց մարման արժեքով, այսինքն` դրամական միջոցների այն գումարի չափով, որն ակնկալվում է, որ կվճարվի սովորական գործունեության ընթացքում այդ պարտավորությունները մարելու համար.
դ) ներկա արժեք`
- ակտիվները գրանցվում են դրամական միջոցների ապագա զուտ ներհոսքերի զեղչված գումարի չափով, որոնք ակնկալվում է, որ կստեղծեն այդ ակտիվները կազմակերպության սովորական գործունեության ընթացքում,
- պարտավորությունները գրանցվում են դրամական միջոցների ապագա զուտ արտահոսքերի զեղչված գումարի չափով, որոնք ակնկալվում է, որ կպահանջվեն կազմակերպության սովորական գործունեության ընթացքում այդ պարտավորությունները մարելու համար:
3. Եկամուտները չափվում են այն գումարով, որով չափվում է ակտիվների համապատասխան աճը կամ պարտավորությունների համապատասխան նվազումը:
4. Ծախսերը չափվում են այն գումարով, որով չափվում է ակտիվների համապատասխան նվազումը կամ պարտավորությունների համապատասխան աճը:
5. Չափման հիմունքների կիրառման եղանակները սահմանվում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով: