Հոդված 8. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը
Հոդված 8. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը
1. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում այնպիսի հոդվածների ներառումն է, որոնք համապատասխանում են տարրի սահմանմանը և բավարարում են հետևյալ չափանիշները`
ա) հավանական է, որ հոդվածի հետ կապված ապագա տնտեսական օգուտները կներհոսեն կազմակերպություն կամ կարտահոսեն կազմակերպությունից.
բ) հոդվածն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն չափվել:
2. Ակտիվը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում է, եթե հավանական է, որ դրա հետ կապված ապագա տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն, և այն ունի արժեք, որը կարող է արժանահավատորեն չափվել:
3. Պարտավորությունը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվում է, եթե հավանական է, որ ներկա պարտականության կատարումը (մարումը) կհանգեցնի տնտեսական օգուտներ մարմնավորող միջոցների արտահոսքի, և այն գումարը, որով մարվելու է պարտականությունը, կարող է արժանահավատորեն չափվել:
4. Եկամուտը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կամ ուղղակիորեն հաշվապահական հաշվեկշռի սեփական կապիտալում ճանաչվում է, եթե տեղի է ունեցել ապագա տնտեսական օգուտների աճ` կապված ակտիվների աճի կամ պարտավորությունների նվազման հետ, որոնք կարող են արժանահավատորեն չափվել:
5. Ծախսը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կամ ուղղակիորեն հաշվապահական հաշվեկշռի սեփական կապիտալում ճանաչվում է, եթե տեղի է ունեցել ապագա տնտեսական օգուտների նվազում` կապված ակտիվների նվազման կամ պարտավորությունների աճի հետ, որոնք կարող են արժանահավատորեն չափվել: