Հոդված 10. Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները
Հոդված 10. Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքները
Հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ կազմելու սկզբունքներն են`
ա) անընդհատությունը` կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը տեսանելի ապագայում և միտում կամ անհրաժեշտություն չունի լուծարվելու կամ էականորեն կրճատելու իր գործունեությունը.
բ) հետևողականությունը` հաշվապահական հաշվառման քաղաքականությունը մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը չպետք է փոփոխվի, բացառությամբ, եթե էական փոփոխություններ են տեղի ունենում կազմակերպության գործառնությունների բնույթում, կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության միջոցով տրվում է առավել էական տեղեկատվություն, կամ հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ.
գ) հաշվեգրումը` տնտեսական գործառնությունների և դեպքերի արդյունքները (ակտիվները, սեփական կապիտալը, պարտավորությունները, եկամուտները և ծախսերը) ճանաչվում և հաշվապահական հաշվառման մեջ գրանցվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել, անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների վճարման կամ ստացման ժամկետից, և արտացոլվում են այն ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվություններում, որոնց դրանք վերաբերում են.
դ) հասկանալիությունը` ֆինանսական հաշվետվություններում պարունակող տեղեկատվությունը պետք է հասկանալի լինի օգտագործողներին, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ (տնտեսական գործունեության և հաշվապահական հաշվառման բնագավառներում).
ե) էականությունը` տեղեկատվությունը համարվում է էական, եթե նրա չբացահայտումն ազդում է ֆինանսական հաշվետվություններ օգտագործողների` այդ հաշվետվությունների հիման վրա կայացրած տնտեսական որոշումների վրա.
զ) միասնականությունը` հաշվապահական հաշվառման բնույթով և գործառույթներով (ֆունկցիաներով) նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում էական տեղեկատվություն.
է) արժանահավատությունը` ֆինանսական հաշվետվությունները համարվում են արժանահավատ, եթե բավարարում են հետևյալ պահանջները`
- ձևի նկատմամբ բովանդակության գերակայությանը` տնտեսական գործունեության արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ և ֆինանսական հաշվետվություններում պետք է հաշվառվեն և ներկայացվեն` ելնելով դրանց տնտեսական բովանդակությունից և տնտեսավարման պայմաններից և ոչ թե միայն դրանց իրավական ձևից,
- չեզոքությանը` ֆինանսական հաշվետվությունները չպետք է ուղղված լինեն օգտագործողների առանձին խմբի շահերի բավարարմանը և պետք է զերծ լինեն կանխակալ արդյունք ստանալու նպատակով տեղեկատվության ընտրովի ներկայացումից,
- հաշվենկատությանը` բավարար չափի զգուշության պահպանումն է, այնպես, որ ակտիվները և եկամուտները գերագնահատված չլինեն, իսկ պարտավորությունները և ծախսերը` թերագնահատված, միևնույն ժամանակ թույլ չտալով ակտիվների և եկամուտների միտումնավոր թերագնահատում, պարտավորությունների և ծախսերի միտումնավոր գերագնահատում,
- ամբողջականությանը` ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական` էականության և արժեքի սահմաններում.
ը) համադրելիությունը` կազմակերպության տարբեր ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տվյալ կազմակերպության և այլ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն համադրելի.
թ) հաշվանցումը` ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերի.
ժ) սահմանազատումը` կազմակերպության ակտիվները և պարտավորություններն առանձնացված են այդ կազմակերպության հիմնադիրների, մասնակիցների և այլ կազմակերպությունների ակտիվներից և պարտավորություններից:
Հաշվապահական հաշվառման ստանդարտներով կարող են սահմանվել նաև այլ սկզբունքներ: