Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Համաձայնագրում փոփոխություններ կատարելը

Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ձևակերպվում են առանձին արձանագրությամբ:

Կատարված է Մոսկվա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 22-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն:

Սույն Համաձայնագրի բնօրինակն ի պահ է հանձնվում ավանդապահին:

Հայաստանի Հանրապետության անունից

(վերապահումով)

/ստորագրություն/ Ռուսաստանի Դաշնության անունից

/ստորագրություն/

Հավելված

«Ավիացիոն պատահարների և լուրջ

միջադեպերի քննության Միջազգային

բյուրոյի ստեղծման և գործունեության մասին»

համաձայնագրի

Կ Ա Ր Գ

ԲՅՈՒՐՈՅԻ, ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԲՅՈՒՐՈՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

«գտնվելու վայրի պետություն»՝ «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության կազմակերպման մասին» համաձայնագրի Կողմ, որի տարածքում գտնվում է Բյուրոն,

«Բյուրոյի տարածքներ»՝ շենքեր կամ շենքերի հատվածներ, որոնք օգտագործվում են Բյուրոյի պաշտոնական նպատակների համար,

«սոցիալական ապահովագրություն»՝ պարտադիր ապահովագրություն ժամանակավոր անաշխատունակության և մայրության կապակցությամբ, պարտադիր ապահովագրություն արտադրությունում դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքում, պարտադիր բժշկական ապահովագրություն,

«Բյուրոյի գույք»՝ ամբողջ գույքը՝ ներառյալ դրամական միջոցները և այլ ակտիվները, որոնք ձեռք են բերվել (ստեղծվել են) և գտնվում են Բյուրոյի տիրապետման, օգտագործման և տնօրինման ներքո՝ «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության կազմակերպման մասին» համաձայնագրի շրջանակներում, և որոնք անհրաժեշտ են Բյուրոյին իր գործառույթներն իրականացնելիս,

«ընտանիքի անդամներ»՝ ամուսին (կին) և խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաներ և անձինք, որոնք մշտական հիմունքներով բնակվում են գտնվելու վայրի պետությունում Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների հետ:

2. Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները համարվում են միջազգային ծառայողներ: Իրենց լիազորություններն իրականացնելիս նրանք չպետք է հայցեն կամ ստանան ցուցումներ պետական իշխանության մարմիններից կամ Կողմերի պաշտոնատար անձանցից, ինչպես նաև երրորդ պետությունների իշխանություններից և այլ անձանցից ու կազմակերպություններից: Նրանք պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը համատեղելի չէ իրենց՝ միջազգային ծառայողի կարգավիճակի հետ:

3. Յուրաքանչյուր Կողմ անվերապահորեն պարտավորվում է հարգել Բյուրոյի և Բյուրոյի աշխատակիցների լիազորությունների միջազգային բնույթը և նրանց վրա չունենալ ներգործություն իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս:

4. Սույն Կարգին համապատասխան արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձինք պարտավոր են հարգել գտնվելու վայրի պետության օրենսդրությունը՝ առանց իրենց վերապահված արտոնություններն ու անձեռնմխելիությունը վնասելու: Նրանք նաև չպետք է խառնվեն այդ պետության ներքին գործերին:

II. Բյուրոյի արտոնությունները և անձեռնմխելիությունը

5. Բյուրոն և նրա գույքն օգտվում են անձեռնմխելիությունից ցանկացած տեսակի վարչական կամ դատական միջամտությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Բյուրոն ինքն է հրաժարվում անձեռնմխելիությունից:

6. Բյուրոյի շենքը, ինչպես նաև նրա արխիվը և փաստաթղթերը, այդ թվում՝ ծառայողական նամակագրությունը, անկախ դրանց գտնվելու վայրից, ենթակա չեն խուզարկության, բռնագրավման, առգրավման կամ ցանկացած այլ տեսակի միջամտության, որը կարող են խոչընդոտել Բյուրոյի բնականոն գործունեությունը:

7. Գտնվելու վայրի պետության իշխանության և կառավարման համապատասխան մարմինների ներկայացուցիչները չեն կարող մուտք գործել Բյուրոյի տարածք այլ կերպ, քան Բյուրոյի Նախագահի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ և նրանց կողմից համաձայնեցված պայմաններով՝ բացառությամբ հրդեհի կամ այլ հանգամանքների, որոնք պահանջում են պաշտպանության անհետաձգելի միջոցներ:

8. Բյուրոյի մարմինների տարածքները չեն կարող հանգրվան լինել այն անձանց համար, որոնք ցանկացած Կողմի օրենքներով գտնվում են հետապնդման մեջ կամ ենթակա են հանձնման Կողմին կամ երրորդ պետությանը:

9. Բյուրոյի տարածքների անձեռնմխելիությունն իրավունք չի տալիս դրանք օգտագործել Բյուրոյի նպատակների կամ գործառույթների հետ անհամատեղելի նպատակներով կամ Կողմի անվտանգությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերին վնաս հասցնող նպատակներով:

10. Բյուրոն ազատվում է գտնվելու վայրի պետությունում գանձվող հարկերից, վճարներից, տուրքերից և այլ վճարումներից՝ բացառությամբ այն վճարների, որոնք հանդիսանում են որոշակի տեսակի ծառայությունների դիմաց վճարումներ, և վճարներ (նվազեցումներ և ներդրումներ), որոնք վճարվում են սույն Կարգի 24-րդ և 25-րդ կետերին համապատասխան:

11. Առարկաները և այլ գույքը, որոնք նախատեսված են Բյուրոյի կողմից պաշտոնական օգտագործման համար, Կողմերի տարածքներում ազատվում են մաքսային տուրքերից, հարկերից և մաքսային վճարներից:

12. Բյուրոն համագործակցում է Կողմերի պետական իշխանության և կառավարման համապատասխան մարմինների հետ արդարադատության իրականացման ապահովման և իրավապահ մարմինների կարգադրությունների կատարման համար, ինչպես նաև սույն Կարգով նախատեսված արտոնությունների և անձեռնմխելիության հետ կապված ցանկացած չարաշահման կանխարգելման նպատակով:

III. Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների արտոնությունները և անձեռնմխելիությունը

13. Բյուրոյի Նախագահը և նրա հետ բնակվող ընտանիքի անդամները, եթե նրանք չեն հանդիսանում գտնվելու վայրի պետության քաղաքացի, օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից այն ծավալով, որը նախատեսված է դիվանագիտական գործակալի և նրա ընտանիքի անդամների համար «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով:

Բյուրոյի Նախագահի ընտանիքի անդամների կողմից գտնվելու վայրի պետությունում աշխատանքային գործունեություն իրականացվելու դեպքում նրանք չեն օգտվում սույն Կարգի սույն բաժնով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:

14. Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները.

ա) ենթակա չեն քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվության իրենց պարտականությունների կատարման ընթացքում կատարած բոլոր գործողությունների, գրավոր կամ բանավոր հայտարարությունների համար՝ բացառությամբ իրենց վարած կամ իրենց պատկանող տրանսպորտային միջոցով տեղի ունեցած ճանապարհային տրանսպորտային պատահարի հետ կապված վնասների հատուցման հայցերի դեպքերի,

բ) ազատվում են աշխատավարձերի և Բյուրոյի կողմից տրված այլ վճարումների հարկումներից,

գ) ազատվում են պետական պարտականություններից,

դ) ազատվում են գտնվելու վայրի պետություն մուտքի և ելքի սահմանափակումներից, որպես օտարերկրյա քաղաքացի՝ գրանցման պարտականությունից և ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալուց,

ե) օգտվում են հայրենադարձության այն նույն արտոնություններից, որոնցից միջազգային ճգնաժամերի ժամանակ օգտվում են դիվանագիտական ներկայացուցիչները:

15. Եթե Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները հանդիսանում են գտնվելու վայրի պետության քաղաքացիներ, նրանց վրա տարածվում են սույն Կարգի 14-րդ կետի «բ», «դ» և «ե» ենթակետերի դրույթները:

16. Բյուրոյի աշխատակիցների հետ բնակվող նրանց ընտանիքների անդամների վրա, եթե նրանք չեն հանդիսանում գտնվելու վայրի պետության քաղաքացիներ և (կամ) մշտապես չեն բնակվում այդ պետության տարածքում, տարածվում են սույն Կարգի 14-րդ կետի «դ» և «ե» ենթակետերը:

17. Բյուրոյի Նախագահը կամ Բյուրոյի աշխատակիցը կարող են զրկվել անձեռնմխելիությունից այն դեպքում, եթե անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, և անձեռնմխելիությունից զրկելը չի վնասում այն նպատակներին, որոնց համար այն տրվել է:

18. Բյուրոյի Նախագահը, Բյուրոյի Նախագահի առաջին տեղակալը և Բյուրոյի Նախագահի տեղակալը անձեռնմխելիությունից զրկվում են Ղեկավար խորհրդի կողմից: Բյուրոյի աշխատակիցը անձեռնմխելիությունից զրկվում է Բյուրոյի Նախագահի կողմից:

19. Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցներն իրավունք չունեն զբաղվելու ձեռնարկատիրական և իրենց կամ այլ անձանց համար շահ հետապնդող ցանկացած այլ գործունեությամբ՝ բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական գործունեության:

Գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեությունից ստացված եկամուտները ենթակա են հարկման՝ համաձայն միջազգային պայմանագրերի և գտնվելու վայրի պետության օրենսդրության:

20. Բյուրոյի Նախագահը և Բյուրոյի աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները պետք է պահպանեն գտնվելու վայրի պետության ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցի օգտագործման դեպքում երրորդ անձանց պատճառված վնասներից ապահովագրման վերաբերյալ օրենսդրության պահանջները:

21. Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների հավատարմագրման հարցերը կարգավորվում են գտնվելու վայրի պետության տարածքում Բյուրոյի տեղակայման պայմանների վերաբերյալ միջազգային պայմանագրերով:

22. Բյուրոյի Նախագահի կամ Բյուրոյի աշխատակիցների՝ որպես Բյուրոյի Նախագահ կամ Բյուրոյի աշխատակիցներ, իրենց գործառույթների և գործողությունների իրականացման շրջանակներում ասվածի կամ գրվածի նկատմամբ վարչական, քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունը պահպանվում է նաև նրանց լիազորությունների ավարտից հետո:

IV. Աշխատանքային հարաբերությունները և սոցիալական երաշխիքները Բյուրոյում

23. Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ՝ Բյուրոյի ներքին կանոնների հաշվառմամբ:

24. Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների կենսաթոշակային ապահովումը կատարվում է այն Կողմի օրենսդրության համաձայն, որի քաղաքացիներ նրանք հանդիսանում են:

Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների կենսաթոշակային ապահովման պարտադիր հատկացումները համապատասխան Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով իրականացվում են Բյուրոյի և/կամ նշված անձանց կողմից այն Կողմերի կենսաթոշակային ֆոնդեր կամ պետական բյուջե, որոնց քաղաքացի նրանք հանդիսանում են:

Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների՝ Բյուրոյում աշխատելու ժամանակահատվածը հաշվարկվում է որպես ապահովագրական (աշխատանքային) ստաժ՝ կենսաթոշակի սահմանման համար:

Որպես Բյուրոյի Նախագահ և Բյուրոյի աշխատակից եղած ժամանակահատվածում ստացված շահույթը հաշվի է առնվում կենսաթոշակի չափը որոշելիս՝ համաձայն այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանած դեպքերի և կարգով, որի քաղաքացի նրանք հանդիսանում են:

25. Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների սոցիալական ապահովագրությունը (բացի կենսաթոշակային ապահովագրությունից) կատարվում է գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան, այնպիսի պայմաններով և կարգով, որոնք գործում են գտնվելու վայրի պետության քաղաքացիների նկատմամբ:

Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների օգտին սոցիալական ապահովագրության նպատակով վճարվող ապահովագրական գումարները (բացի կենսաթոշակային ապահովագրությունից) փոխանցվում են Բյուրոյի բյուջեի հաշվին՝ գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Սոցիալական ապահովագրության նպաստներ նշանակելիս սոցիալական (աշխատանքային) ստաժում հաշվարկվում է Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների աշխատաժամանակը՝ համաձայն գտնվելու վայրի պետության օրենսդրության:

27. Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում Բյուրոյի Նախագահին և Բյուրոյի աշխատակիցներին տրամադրվում է ամենամյա վճարովի արձակուրդ 30 օրացուցային օր տևողությամբ:

28. Իրենց լիազորությունների իրականացման ընթացքում Բյուրոյի Նախագահին, Բյուրոյի Նախագահի առաջին տեղակալին և Բյուրոյի Նախագահի տեղակալին Բյուրոյի բյուջեի հաշվին տրամադրվում է տրասնպորտային սպասարկում:

29. Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների աշխատաժամանակը մտնում է այն Կողմի պետական (պետական քաղաքացիական) ծառայության ստաժի մեջ, որի քաղաքացի նրանք հանդիսանում են՝ պետական (պետական քաղաքացիական) ծառայություն անցնելու ընթացքում սոցիալական երաշխիքների կարգավորման և պետական ծառայողներին (դաշնային պետական քաղաքացիական ծառայողներ) երկարամյա ծառայության դիմաց կենսաթոշակներ նշանակելու համար:

30. Աշխատանքային վեճերի դեպքում Բյուրոն ճանաչում է գտնվելու վայրի դատարանների իրավասությունը:

31. Բյուրոյի Նախագահի և Բյուրոյի աշխատակիցների բժշկական սպասարկումն իրականացվում է Բյուրոյի բյուջեի հաշվին, բժշկական հաստատության կողմից՝ ապահովագրական կազմակերպության հետ կնքված կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրի հիման վրա:

32. Իրենց պաշտոնեական (ծառայողական) լիազորությունների իրականացման ընթացքում Բյուրոյի Նախագահին և Բյուրոյի աշխատակիցներին, ովքեր Բյուրոյի գտնվելու պետության քաղաքացիներ չեն, Բյուրոյի բյուջեի հաշվին տրամադրվում են ծառայողական բնակելի տարածքներ:

Հայաստանի Հանրապետության վերապահումները «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի վերաբերյալ

1. Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի հավելվածի («Բյուրոյի, բյուրոյի Նախագահի և բյուրոյի աշխատակիցների սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կարգ) 14-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթները չեն կիրառվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի հետաքննության հարցերով Միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագրի հավելվածի («Բյուրոյի, բյուրոյի Նախագահի և բյուրոյի աշխատակիցների սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կարգ) 24-րդ կետը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների նկատմամբ կիրառելիս, ովքեր զբաղեցնում են Բյուրոյի նախագահի կամ Բյուրոյի աշխատակցի պաշտոնը, նրանց կենսաթոշակային ապահովման պարտադիր պահումները կատարվում են Բյուրոյի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։