Հոդված 14. Վերահսկողության, տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգը
Հոդված 14. Վերահսկողության, տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո ստեղծվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (վերահսկողության միասնական էլեկտրոնային շտեմարան և տեղեկատվության փոխանակման համակարգ)՝ վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովման և վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը տնտեսավարող սուբյեկտներին և հանրությանը մեկ տեղում հասանելի դարձնելու նպատակով:
2. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգը յուրաքանչյուր տեսչական մարմնից ներառում է յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի և վերահսկողության օբյեկտի ընդհանուր տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն համապատասխան ռիսկի խմբում ընդգրկված լինելու, պլանավորված և անցկացված ստուգումների վերաբերյալ և վերահսկողության հետ կապված (այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների և սպառողների համար նախատեսված) այլ տեղեկատվություն: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ընդգրկվող տեղեկատվության տեսակները թվարկված են սույն հոդվածի 3-5-րդ մասերում:
3. Հանրության համար բաց է և անվճար հասանելի հետևյալ էլեկտրոնային տեղեկատվությունը.
1) իրականացված վերահսկողության վերաբերյալ ընդունված իրավական ակտերի ցանկը, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսվածները.
2) խորհրդատվական նյութեր և մեթոդական ուղեցույցներ տնտեսավարող սուբյեկտների համար.
3) ստուգաթերթերը.
4) ռիսկի չափանիշները.
5) ստուգումների տարեկան ծրագրերը.
6) վերահսկողություն իրականացնող մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կատարողականի և գործունեության արդյունավետության ցուցանիշների չափանիշները և այդ ցուցանիշների ու չափանիշների փաստացի գնահատականները.
7) վերահսկողություն իրականացնող մարմինների ծրագրերն ու հաշվետվությունները.
8) վերահսկողության իրականացման հետ կապված այլ ընդհանուր հարցեր:
4. Վերահսկվող տնտեսավարող սուբյեկտին հասանելի է դարձվում իր ռիսկի մակարդակի, իր մոտ անցկացված ստուգումների պատմության ու ծրագրերի և առնչվող այլ տեղեկատվություն, որը պահպանվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգում:
5. Վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը, որն ընդգրկվել է վերահսկողության տեխնիկական կամ կազմակերպական և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև համագործակցության իրականացման նպատակներով և չի առնչվում տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին և պարտականություններին, չի կարող բաց լինել հանրության համար: Նշված տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
6. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Սույն հոդվածով նախատեսված էլեկտրոնային տեղեկատվական համակարգի գործարկումից առաջ վերահսկողություն իրականացնող մարմինները կառավարում են իրենց անձնական տեղեկատվական համակարգերում առկա՝ սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը և հրապարակում են իրենց պաշտոնական կայքէջում: