Հոդված 15. Հաշվետվողականությունը
Հոդված 15. Հաշվետվողականությունը
1. Տեսչական մարմինները տարեկան հաշվետվություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, որոնք քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաշվետվությունները հրապարակվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում: Տեսչական մարմիները նախորդ տարվա հաշվետվությունները ներկայացնում են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 5-ը:
2. Տեսչական մարմինների տարեկան հաշվետվությունները առնվազն ներառում են հետևյալ տեղեկատվությունը.
1) սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված կատարողականի արդյունքների ապահովումը.
1.1) գործունեության տարեկան ծրագրի կատարման ընթացքը.
2) վերահսկողության ոլորտում ռիսկերի առկա իրավիճակի վերլուծությունը.
3) խորհրդատվական գործունեությունը, տնտեսավարող սուբյեկտների կողմից հաճախ տրվող հարցերի վերհանումը և այն իրավական ակտերը, որոնք տալիս են դրանց հստակ պատասխանները.
4) կանխարգելիչ գործողությունները և այն ռիսկերը, որոնց վերհանմանն են ուղղված, և որոնք կանխել են դրանք.
5) ստուգումներ, դրանց քանակը, բնութագրերը, տևողությունը և անցկացված ստուգումների արդյունքները.
6) տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել հաճախ կատարվող օրենսդրության խախտումները կամ շեղումները, որոնք վերհանել են տեսչական մարմինները, ինչպես նաև դրանց պատճառները և տարածվածությունը: Տնտեսավարող սուբյեկտների և դրանց ծառայողների նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցները.
7) օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման առաջարկները՝ օրենսդրական բացերը լրացնելու, ստուգումների արդյունավետությունը բարձրացնելու և տնտեսավարող սուբյեկտների համար վարչական և վերահսկողական բեռը նվազեցնելու նպատակով.
8) տեսչական մարմնի և դրա պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության,այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի դեմ բերված բողոքների քանակը, բովանդակությունը և դրանց վերաբերյալ ընդունված որոշումները։
3. Տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունները պետք է արտացոլեն իրավիճակի զարգացումները: Տարեկան հաշվետվության փաստացի տվյալները պետք է համեմատվեն նախորդ երկու տարիների իրավիճակներն արտացոլող տվյալների հետ:
(15-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-267-Ն)