Հոդված 8. Տեսչական մարմնի ղեկավարությունը
Հոդված 8. Տեսչական մարմնի ղեկավարությունը
1. Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
2. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Խորհրդին:
3. Տեսչական մարմնի ղեկավարության ընտրության չափանիշները սահմանվում են տեսչական մարմնի կանոնադրությամբ:
4. Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է, ինչպես նաև նրա (նրանց) նկատմամբ խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:
5. Տեսչական մարմնի ղեկավարը՝
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.
2.1) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում Խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.
3) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին, Խորհրդի դրական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին.
4) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.
5) հաստատում է Խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.
8) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
10) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.
11) Խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.
12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(8-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.04.16 ՀՕ-35-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-267-Ն)