Հոդված 4. Տեսչական մարմնի գործունեության սկզբունքները
Հոդված 4. Տեսչական մարմնի գործունեության սկզբունքները
1. Տեսչական մարմնի գործունեության սկզբունքներն են՝
1) հրապարակայնության սկզբունք` տեսչական մարմինն իրազեկում է հանրությանը իր գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերված էական վտանգների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին` անձանց, հասարակության և շրջակա միջավայրի անվտանգությունը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց և պետության շահերը պաշտպանելու նպատակով.
2) թափանցիկության սկզբունք` տեսչական մարմինը տնտեսավարող սուբյեկտների համար ապահովում է կանխատեսելի միջավայր` միասնական սկզբունքներով իրականացնելով վերահսկողության գործառույթները և հասանելի դարձնելով դրանք հանրությանը՝ պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած և ուժի մեջ մտած ակտերը: Տեսչական մարմինը տնտեսավարող սուբյեկտներին տրամադրում է անվճար խորհրդատվություն և այլ մեթոդական աջակցություն իր իրավասության բնագավառի հարցերի վերաբերյալ՝ օգնելով վերջինիս հասկանալ, թե օրենսդրությամբ նախատեսված ինչ պահանջների պետք է համապատասխանի և ինչ միջոցներ պետք է ձեռնարկի իր գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցնելու համար.
3) հաշվետվողականության սկզբունք` տեսչական մարմինն իր գործունեության համար հաշվետու և պատասխանատու է պետության և հանրության առաջ.
4) անկողմնակալության սկզբունք` տեսչական մարմնի ծառայողներն իրենց գործառույթներն իրականացնում են օբյեկտիվ և անկողմնակալ: Արգելվում է տեսչական մարմնի ծառայողի գործառույթների իրականացումը սույն օրենքով նախատեսված շահերի բախման առկայության դեպքում.
5) ամբողջականության սկզբունք` տեսչական մարմնի գործառույթներն իրականացվում են կանխարգելիչ գործունեության, վերահսկողության և հետադարձ կապի միջոցով, որոնք փոխլրացնում են միմյանց` ապահովելով տեսչական մարմնի գործունեության անընդհատությունն ու ամբողջականությունը: Կանխարգելիչ գործունեությունը համարվում է տեսչական մարմնի գործառույթների իրականացման առաջնային միջոց.
6) ըստ ռիսկայնության առաջնորդվելու սկզբունք՝ տեսչական մարմինը ռեսուրսները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և տնտեսավարող սուբյեկտները, որոնք առավել ռիսկային են: