Հոդված 27
Հոդված 27.
Օրենքը 43-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 43.1-րդ հոդվածով.
«Հոդված 43.1. Հարկային մարմնի և հարկային ծառայողի գործողությունների գանգատարկումն ու բողոքարկումը
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով գործում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը:
Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ՝ Գանգատարկման հանձնաժողով) հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը): Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:
Հարկային մարմնի ղեկավարը սահմանում է Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, Գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը:»: