Հոդված 21
Հոդված 21.
Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Հարկային մարմնի զարգացման ֆոնդը
1. Հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):
2. Ֆոնդը կազմավորվում է՝
1) հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ՝ լրացուցիչ գումարներ) տասը տոկոս մասհանումների հաշվին:
Հարկային մարմինների կողմից հարկային օրենսդրությամբ սահմանված և հաշվառված տույժերից ֆոնդի մասհանումներ չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի, տուրքի, պարտադիր այլ վճարի գումարներ.
2) հարկային ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին:
3. Ֆոնդը ծախսվում է՝
1) համակարգչային, կապի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական ապահովվածության համար.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս ծախսեր կատարելու համար.
3) լրացուցիչ գումարներ անմիջապես հայտնաբերողների, հարկային մարմինների աշխատանքներում ներդրում ունեցողների դրամական պարգևատրման և օգնության համար.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման համար.
5) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար.
6) հարկային մարմնի կամ հարկային ծառայողի կողմից հարկային օրենսդրության դրույթների խախտման հետևանքով սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված գումարները հարկ վճարողին փոխհատուցելու համար:
4. Լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարն ամբողջությամբ պետական բյուջե մուտքագրելուց (վերականգնելուց) հետո: Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում և օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»: