Հոդված 16. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 16. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
1. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով օրենքով սահմանված կարգով անցել է պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի, տիրապետում է հայերենին, իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները` անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Քրեակատարողական ծառայող կարող է լինել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Մասնագիտական աշխատանքային փորձ չունենալու դեպքում քրեակատարողական ծառայող կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով մինչև մեկ ամիս ժամկետով անցել է ստաժավորում:
4. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.
5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: