Հոդված 19. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները
Հոդված 19. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները
1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավար՝ վարչության պետ, կարող է նշանակվել քրեակատարողական այն ծառայողը, ով նշանակման պահին զբաղեցնում է քրեակատարողական ծառայության բարձրագույն պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:
2. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբում պաշտոնի կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կամ պետական այլ մարմնում՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնին համապատասխան խմբում պաշտոն զբաղեցնող և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացին:
3. Քրեակատարողական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում, բացառությամբ ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնների, կարող են նշանակվել քրեակատարողական այն ծառայողները, ովքեր ունեն տվյալ պաշտոնի համար՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված առավելագույն կոչումից երկու աստիճանով ոչ ցածր կոչում:
4. Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբից խումբ առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում՝ թափուր պաշտոնի համար նախատեսված առավելագույն կոչումից երկու աստիճանով ոչ ցածր կոչումով առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
5. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
6. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում կարող են նշանակվել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն: