Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 20. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման կարգը և պայմանները

գործել է մինչև 2005-08-27Բացել ARLIS-ում

Հոդված 20. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման կարգը և պայմանները

1. Յուրաքանչյուր տարի քրեակատարողական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա կամ քրեակատարողական ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քրեակատարողական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածի քրեակատարողական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Քրեակատարողական ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել՝ քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

11. Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

12. Ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեստավորման օրվանից մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, որն ընդունում է համապատասխան որոշում:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Քրեակատարողական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա ծառայության ներկայանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:

14. Ատեստավորման արդյունքները պահվում են քրեակատարողական ծառայողի անձնական գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։