Հոդված 41. Քրեակատարողական ծառայությունից ազատելը
Հոդված 41. Քրեակատարողական ծառայությունից ազատելը
1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունից ազատվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.
3) սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
4) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քրեակատարողական ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
5) առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.
6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է երեք և ավելի կարգապահական տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.
8) սույն օրենքի 34-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.
9) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.
10) քրեակատարողական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում չորս ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում՝ չհաշված նախածննդյան և հետծննդյան արձակուրդը.
12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում:
2. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ: