Հոդված 353. Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը
Հոդված 353. Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը
1. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (այսուհետ` դատական ակտ) դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) քաղաքացու կողմից չկատարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ ամսվա ընթացքում`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
(353-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-9-Ն)