Հոդված 65. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար
Հոդված 65. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար
1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:
2. Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կեսը:
3. Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:
4. Հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:
4.1. Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս:
(65-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն)