Հոդված 12
Հոդված 12.
Հերթական եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 17.30-ից մինչև ժամը 18.00 պատգամավորներն ըստ հերթագրման հաջորդականության կարող են հանդես գալ մինչև 3 րոպե տևողությամբ հայտարարություններով: Անհրաժեշտության դեպքում նախագահողը կարող է նիստը երկարաձգել մինչև 15 րոպե:
Պատգամավորը Սահմանադրության 80 հոդվածին համապատասխան իրավունք ունի հարցերով դիմել կառավարությանը:
Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա նիստում, ժամը 16.30-ից մինչև ժամը 18.00, վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Հարցերը տրվում են գրավոր կամ բանավոր: Յուրաքանչյուր գրավոր հարց պետք է վերաբերի մեկ նախարարի իրավասությանը վերապահված բնագավառին:
Գրավոր հարցը պատգամավորը հանձնում է Ազգային Ժողովի աշխատակազմ, որը նույն օրն այն ուղարկում է կառավարություն: Հարցը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վարչապետը, կամ նրա հանձնարարությամբ կառավարության համապատասխան անդամը պատասխանում է հարցին Ազգային Ժողովի նիստում` այդ մասին վաղօրոք տեղյակ պահելով պատգամավորին և Ազգային Ժողովի աշխատակազմին: Պատգամավորն իր հարցի պատասխանը ստանում է գրավոր:
Գրավոր հարցերի պատասխաններն Ազգային Ժողովի նիստում տրվում են ըստ դրանց ստացման հաջորդականության` պատասխանը պատրաստ լինելուն պես:
Պատգամավորը նիստում երեք րոպեի ընթացքում խոսափողից կրկնում է կառավարությանն ուղղած իր գրավոր հարցը, իսկ վարչապետը կամ կառավարության անդամը ներկայացնում է պատասխանը երեք րոպեի ընթացքում: Հարցի հեղինակն այնուհետև իրավունք ունի երկու րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ կառավարության անդամը կարող է արձագանքել նույն տևողությամբ պատասխանով:
Նախագահողը երկարաձգում է նիստը` կառավարությանն ուղղված գրավոր հարցերը սահմանված ժամկետում սպառելու նպատակով:
Յուրաքանչյուր պատգամավոր Ազգային Ժողովի նիստում մեկ ամսվա ընթացքում կարող է տալ մեկ բանավոր հարց:
Պատգամավորները բանավոր հարցերով կարող են դիմել կառավարությանը, եթե գրավոր հարցերին պատասխանելուց հետո նիստի ժամանակը չի սպառվել: Բանավոր հարցեր տալու համար նույն նիստում կատարվում է հերթագրում:
Բանավոր հարցերը և դրանց պատասխանները տրվում են ըստ հերթագրման հաջորդականության: Պատգամավորը երկու րոպեի ընթացքում խոսափողից շարադրում է իր հարցը: Վարչապետը կամ կառավարության անդամը ներկայացնում է պատասխանը երկու րոպեի ընթացքում: Հարցի հեղինակն այնուհետև իրավունք ունի մեկ րոպեի ընթացքում շարադրել իր կարծիքը պատասխանի վերաբերյալ, որին վարչապետը կամ կառավարության անդամը կարող է արձագանքել նույն տևողությամբ պատասխանով: Դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է հարցը տալու իրավունքից:
Սույն հոդվածով կանոնակարգված` Ազգային Ժողովի նիստերի տեսագրություններն ամբողջությամբ չորեքշաբթի օրը հեռարձակվում են հեռուստատեսությամբ: Ընդ որում, առաջին հերթին հեռարձակվում են պատգամավորների` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հայտարարությունները: Բացառիկ դեպքերում, Ազգային Ժողովի նախագահի համաձայնությամբ, հեռարձակումը կարող է հետաձգվել մինչև երեք օր: Հեռարձակումը սկսվում է ժամը 21.00-ին:
Սույն հոդվածով սահմանված կարգը չի սահմանափակում պատգամավորի իրավունքը` ուղղակի գրավոր դիմել կառավարությանը և օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ:
(12-րդ հոդվածը լրաց. 27.05.97 ՀՕ-115, խմբ. 22.10.97 ՀՕ-154, փոփ., լրաց. 19.06.98 ՀՕ-232)